decor decor decor

Մեր պատմությունը

line
Մեր պատմությունը
«Բվիկ» կրթական հիմնադրամը հիմնադրվել է 2024 թվականին՝ Անահիտ Յուզբաշյանի նախաձեռնությամբ։ Երկար տարիներ մասնակցելով տարբեր բարեգործական նախաձեռնությունների՝ Անահիտը նկատեց, որ երբեմն տրամադրվող դրամական և նյութական աջակցությունը ոչ թե բարելավում է մարդկանց կենսակերպը, այլ ձևավորում է կախվածություն և ծուլություն։ Խուսափելու համար նման արատավոր երևույթի զարգացումից՝ անհրաժեշտ էր ստեղծել մի կառույց, որն ուղղակիորեն ներդրում է կատարում բոլոր տարիքային խմբերի մտավոր, էմոցիոնալ և հոգեբանական զարգացման գործընթացում՝ խթանելով զարգանալու, մասնագիտանալու, արարելու ցանկությունը։
stars
51%

Հայաստանի դպրոցներում

50+

Ստեղծված վիկտորինաներ

70+

Հաղթողներ

1 Միլիոն+

Պատասխանված հարցեր

star star
ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ
Գաղափարին միացան Արևիկ Ղարիբյանը և Ջուլիետա Վարդանյանը։ Համատեղ քննարկումներից ու ուսումնասիրություններից հետո, ինքնակրթվող, լայն մտահորիզոն ունեցող հասարակություն ունենալու ցանկությունից ծնվեց «Բվիկ» կրթական հիմնադրամի ստեղծման գաղափարը։
Մեր կարգախոսն է՝
«Բացի՛ր գիրքը, բացի՛ր միտքը»

Հիմնադրամը ղեկավարվում է հիմնադիրների և հիմնադրամի խորհրդի անդամների կողմից։ Հիմնադրամի խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ առաջատար մանկավարժներ, լոգոպեդներ, կրթության ոլորտի առաջատար մասնագետներ։ Խորհուրդը ուղղորդում է հիմնադրամի ռազմավարությունը, մշակում կրթական ծրագրերի որակական չափանիշները և հետևում է, որ բոլոր նախաձեռնությունները նպաստեն մտավոր, էմոցիոնալ և սոցիալական զարգացմանը։
«Բվիկ» կրթական հիմնադրամի առաջին նախաձեռնությունը 2024թ մեկնարկած «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթն է, որին մասնակցեցին 211 պատանի ՀՀ տարբեր մարզերից։ Վեցամսյա երկփուլ միջոցառումը առաջին անգամ ամփոփվեց 2025 թ. փետրվարի 16-ին՝ մասնակիցների անմնացորդ ներգրավածությամբ և ակտիվությամբ։
Հաջորդ մրցույթը նախատեսված էր ուսուցիչների համար. մասնակցելով «Մանկավարժական մտքի փառատոն – 6» միջոցառմանը՝ «Տուր լույս» խորագիրը կրող մրցույթ-վիկտորինայի միջոցով, հիմնադրամը ամրապնդեց իր տեղը կրթական ծրագրերի ոլորտում և ուսուցիչների սրտերում։
ԸՆԴԼԱՅՆՈՒՄ
2025 թվականին հիմնադրամը ընդլայնեց ընթերցանության մրցույթները բոլոր տարիքային խմբերի համար՝ 7-ից մինչև 100+ տարեկան մասնակիցներով։ Մրցույթները կրում են ամենամյա բնույթ։ Ստեղծելով գրքային, կրթական ավանդույթներ՝ «Բվիկ» կրթական հիմնադրամը ձևավորել է ընթերցասերների համայնք, ովքեր ոչ միայն ընթերցում են, այլև գտնում գաղափարակից ընկերներ ՀՀ բոլոր մարզերում, քննարկում, վերլուծում և զարգանում միասին։ Պատանիները պարբերաբար հնարավորություն են ունենում մասնակցել «Բվիկ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումներին՝ որպես կամավոր՝ ամրապնդելով ձեռք բերված հմտությունները գործնական դաշտում։ Ընթերցանության մրցույթներ կազմակերպելուն զուգահեռ «Բվիկ» կրթական հիմնադրամը մրցույթի մասնակիցների համար անվճար հիմունքներով կազմակերպում է գրքի քննարկումներ, փափուկ հմտությունների զարգացման դասընթացներ։ Հանդիպումները վարում են գրքերի հեղինակներ, գրքերի և իրենց մասնագիտական ոլորտում հաջողություն արձանագրած մասնագետներ։ Պատանիների և երիտասարդների համար հիմնադիրները, դասընթացավարները դառնում են ավագ ընկերներ և փորձում աջակցել նրանց ուսման և զարգացման պատասխանատու ընթացքին։
decor
Mission
Mission
70+ Հաղթողներ

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ընթերցանության մրցույթ և քննարկում նպաստում է՝

  • անձի ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացմանը
  • փափուկ հմտությունների ձևավորմանը
  • համայնքային և միջանձնային արժեքների ամրապնդմանը

Մեր առաքելությանը կարող եք միանալ՝

  • Գրանցելով Ձեր ընկերներին, հարազատներին մեր ընթերցանության մրցույթներին
  • Հանգանակելով գումար հիմնադրամի ֆոնդին
  • Հովանավորելով որևէ մրցույթի մրցանակային ֆոնդը